Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2011

2011

2011 թ. հուլիսի 16-ից
«Կնոջ կերպարը Մ.Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը Մ.Սարյանի տուն-թանգարանում
 

«Կնոջ կերպարը Մ.Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը Մ.Սարյանի տուն-թանգարանում բացվեց 2011թ. հուլիսի 16-ին: Ցուցադրության մեջ ընդգրկված էին գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ  Մ. Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերից և Սարյան ընտանիքի հավաքածուից, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահից և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից:
Վարպետն իր արվեստում բոլորովին նոր բովանդակություն հաղորդեց կնոջ դիմանկարին: Իր հայացքը կենտրոնացնելով  բնորդուհիների աչքերի, դիմագծերի, բնորոշ կեցվածքի վրա, նկարիչը ձգտում էր բացահատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներքին էությունը, նրանց հարուստ հուզական ներաշխարհը: Իր դիմանկարներում Մ. Սարյանը ներկայացրեց մտավորական կնոջը, որն իր ստեղծագործական մասնակցությունն էր բերում իր դարաշրջանի մշակութային արժեքների ստեղծմանը:
Դերասանուհի Ա.Խումաշյան, երգչուհի Հ. Դանիելյան,  բանաստեղծուհիներ Ս.Կապուտիկյան, Ա.Ախմատովա, Մ. Պետրովիխ, պարուհի Գ.Ուլանովա՝ ահա ոչ լրիվ ցանկն այն կանանց, որոնք եղել են Վարպետի  բնորդուհիները: «Շատ հետաքրքիր է նկարել մարդուն շարժման մեջ, - ասում էր Մ.Սարյանը: - Այսպիսին է իմ փորձը դիմանկարի ստեղծման աշխատանքում: Ինձ թվում է, եթե այսպես աշխատել, ապա չենք ունենա գեղեցիկ կամ տգեղ, հետաքրքիր կամ անհետաքրքիր մարդկանց: Ներքին բովանդակություն ունեցող մարդն հետաքրքիր է»:

2010 թվականի դեկտեմբերի 19 - 2011 թվականի մայիսի 8
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՀԱՅՏ ԱՐԵՎԵԼՔԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՐՈՆԻՆԳԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

 
   
 
Գրոնինգեն նավահանգստային քաղաքի Գրոնինգեր թանգարանը Նիդեռլանդների լավագույն թանգարաններից մեկն է: Թանգարանի բացումը 1994 թվականին իսկական իրադարձություն էր արվեստի աշխարհում: Այսօր Գրոնինգեր թանգարանը նորից բացում է իր դռները հիմնանորոգումից հետո: Գլխավոր շինության վերակառուցումն իրականացրել է իտալացի ճարտարապետ և դիզայներ Ալեսանդրո Մենդինին: Թանգարանը ձևափոխված է Նիդեռլանդների ժամանակակից արվեստի կենտրոնի: Առաջին ցուցահանդեսը, որը պիտի բացվի նորացված թանգարանի դահլիճներում, կոչվում է «Ռուսաստանի անհայտ արևելքը»: Այն կտևի 2010 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2011 թվականի մայիսի 8-ը և խոստանում է դառնալ ոչ միայն Նիդեռլանդների և մասնակից շատ երկրների այլև ողջ Եվրոպայի համար կարևոր մշակութային իրադարձություն:
Ինչպես հուշում է ցուցահանդեսի խորագիրը՝ «Ռուսաստանի անհայտ արևելքը», կցուցադրվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուս գեղանկարիչների կտավները. Վերեշչագինի, Պոլենովի, որոնք իրենց ստեղծագործություններով մի անգամ չէ, որ անդրադարձել են այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի հարավում: Նրանց ստեղծագործությունները ցուցահանդեսում կհամադրվեն այն արվեստին, որը ստեղծվել է Հայաստանում, Վրաստանում, Ուզբեկստանում, այլ խոսքով՝ Մերձավոր արևելքում` ստեղծված նույն ժամանակահատվածում: Եթե Վերեշչագինի և Պոլենովի աշխատանքները դիտվում են իբրև փաստագրական ճեպանկարներ դեպի Մերձավոր արևելքի տարաշխարհիկ երկրներ ճամփորդությունների, ապա այնպիսի նկարիչների արվեստում, ինչպիսին Մ. Սարյանինն է, հրաշալի ձևով արտացոլվում է 19-րդ դարի վերջի և առավել ևս 20-րդ դարասկզբի եվրոպական արվեստի ասպեկտները: Բոլոր դեպքերում նրանց արվեստը լիովին ինքնուրույն է և դառնում է իսկական բացահայտում հոլանդացի և եվրոպացի այցելուի համար:
Հայաստանը Գրոնինգեն է ուղարկել Մ. Սարյանի 8 աշխատանք նկարչի տուն-թանգարանի հավաքածուից և 5 աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահից. Սարյան, Սուրենյանց, Պոլենով, Շարբաբչյան, և 19-րդ դարի անհայտ մի նկարիչ:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am