Կամիլլա Տրեվերին, 1953, հոկտեմբերի 27, Երևան

Մեծարգո Կամիլլա Վասիլևնա.
Ստացա Ձեր ուղարկած հրաշալի գիրքը՝ «Ակնարկներ Հին Հայաստանի մշակույթի պատմության»: Խորին շնորհակալություն Ձեզ: Հինգ օր առաջ ես գնացել էի Դվին` այնտեղից Արարատը նկարելու: Բացառիկ գեղեցիկ, արևոտ, պարզ օր էր՝ վերջերս տեղացած լավ անձրևներից հետո:
Այդ քաղաքի շինարարներն իսկական բանաստեղծներ են եղել, ընտրելով հարթավայրի այդ բլուրը, որն Արարատի հովանու ներքո շրջապատված է զարմանահրաշ բազմաձև, բազմագույն լեռներով ու գագաթներով:
Բնության հրաշալի արարչագործությունը՝ լեռնային այդ թանկարժեք օղակը բացառիկ գեղեցիկ էր այդ օրը: Հարավում այն զարդարված էր ամենաթանկարժեք քարով՝ աշնանային արևի տակ կայծկլտացող Սիս-Մասիսով, ինչպես հայ ժողովուրդն է անվանում՝ փառահեղ Արարատով:
Ես շշմած էի բնության այդ հեքիաթային գեղեցկությունից: Դա շատ հազվադեպ է պատահում, ես իմ կյանքում առաջին անգամ էի հաղորդակցվում երկրի այդպիսի գեղեցկության հետ, նրանից հնարավոր չէր կտրվել: Նայելով Դվինի հետաքրքրագույն ավերակներին, հիշելով Հայաստանի բազմաթիվ հուշարձանները, որոնք, որպես կանոն, միշտ տեղադրված են բանաստեղծական վայրերում և օրգանապես կապված են բնության հետ, ես, ասես քաղցր քնից արթնացած, հիշեցի իմ պանծալի բարեկամներին՝ Ձեզ և Իոսիֆ Աբգարովիչին...