Լուսիկ, Սարգիս և Ղազարոս Սարյաններին, 1937, հունվարի 23, Մոսկվա

Այս իրիկուն գնալու եմ Միդլերի մոտ, վաղուց էի խոստացել, բայց ժամանակ չլինելու և հեռու լինելու պատճառով չէի գնում նրանց մոտ, և, վերջապես, նրանց համար էլ որոշ նեղություն է՝ և՛ ֆիզիկական, և՛ նյութական: Այսօր հանդիպեցի Մարիետային Հակոբի հետ, նոր է վերադարձել Ուլյանովսկից, որտեղ գտնվում էր բավականին ժամանակ՝ իր նոր աշխատության հետ կապված: Ես համարյա թե ոչ մի տեղ չեմ գնում, ամսի մեկից սկսել եմ արդեն նկարել մեծ պանոն3, ժամանակ քիչ կունենամ, ավելի շուտ՝ բոլորովին ժամանակ չեմ ունենա, քանի որ պանոյի աշխատանքը շատ պատասխանատու է, Փարիզ չի կարելի ամեն բան տանել: Ինչպես գիտես, այդ անպիտան քաղաքի ճաշակը առաջնակարգ է: Աշխատում եմ հեքիաթների վրա, արդեն բոլորովին պատրաստել եմ 14 հեքիաթ, մնացել է չորս հատ, բայց այդ վերջին նկարները ավելի դժվարանում եմ նկարելու, մի քիչ ձանձրացել եմ: Այսօր խնդրեցին «Դետիզդատում», որ հեքիաթներից մեկի «Օխիկ»-ի համար դարձյալ չորս նկար անեմ, որն ուզում են բաց թողնել առանձին գրքույկով, և մի հատ էլ նկար գունավոր՝ շապիկի համար, որի համար առանձին վճար են տալու, այնպես որ՝ համաձայնվեցի: